ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ գործակցությունը առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերումը առավել արդյունավետ կդարձնի
ՀասարակությունԱռողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԶԾ-ն աշխատում է պետությունների հետ` պետական գնումների ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարելու, ֆոնդի կառավարման ժամանակակից թափանցիկ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի պետգնումների բարեփոխումներին աջակցելը ներառում է կայուն գնումների պրակտիկայի ներդրում, թվային մոնիթորինգի և գնումների համակարգի զարգացում: Կողմերը քննարկել են նշված և այլ ուղղություններով հետագա անհրաժեշտ քայլերը:
Թորոսյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ միջոցով մի շարք դեղերի շարունակական ու շահավետ պայմաններով կենտրոնացված գնումներով ձեռքբերման հնարավորությամբ` առանձնացնելով մանկական ուռուցքաբանական դեղերը, ինսուլինը, դիաբետոնը և ոչ միայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանորեն քննարկել անհրաժեշտ մի շարք դեղերի ձեռքբերման տարբերակները` հիմք ընդունելով դրանց երաշխավորված որակն ու մատչելիությունը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` առավել արդյունավետ գնումների միջոցով ապահովել հանրային առողջության համար անհրաժեշտ դեղերի ավելի լայն տեսականի ու առավել մեծ քանակ:
Ի պատասխան Դմիտրի Մարիյասինի` Հայաստանում դեղերի կեղծման վերաբերյալ հարցման` Թորոսյանը շեշտել է, որ երբեմն չափազանցված պատկեր է ներկայացվում, սակայն իրական պատկերը ճշգրտելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու և հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու հարցում պատրաստ են գործակցել ՄԱԶԾ-ի հետ: