ՌԴ նախագահի խորհրդականը կարևորում է ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների կազմակերպումը
ՏնտեսությունՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը կարևոր է համարում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կազմակերպելը: Նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գազը ռուբլով գնելու հարցը, դա հնարավոր է և բնական: Մենք հետևողականորեն քննարկում, խոսում ենք ազգային արժույթում փոխադարձ հաշվարկներ կազմակերպելու հարցի մասին: Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարագայում այդ ուղությունը դարձել է առաջնահերթ»,- ասաց Սերգեյ Գլազևը:
Նա նկատեց, որ ընկերություններն սկսում են ավելի շատ հասկանալ, որ արտարժույթով աշխատելը ռիսկեր է պարունակում: Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան, թե հաշվարկներն ազգային արժույթով երբ են իրականացվելու, Գլազևը նշեց, որ դա կախված է պայմանագրային պարտավորություններից:
ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովն էլ կարևորեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցը: Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի Իրանի հետ ցամաքային սահման, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի:
«Դա Հայաստանի համար մեծ դրական գործոն է: ԵԱՏՄ անդամ երկրները ուշադիր հետևում են Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման գործընթացին»,-ասաց նա: