Աշոտ Սմբատյանն այցելել է Բավարիա երկրամաս
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցով մեկնեց ԳԴՀ Բավարիա երկրամաս: Այցի շրջանակներում դեսպանին ընդունեց Նյուրենբերգի քաղաքապետ դոկտոր Ուլրիխ Մալին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սմբատյանն անդրադարձավ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Բավարիա երկրամասի հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Նյուրենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:
Նույն օրը Բավարիայի Էրլանգեն քաղաքի քաղաքապետ դոկտոր Ֆլորիան Յանիկի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետների միջև ծավալված համագործակցությանը: Քննարկվեցին նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկուստեք գոհունակությամբ ընդգվեց Էրլանգեն քաղաքում գործող «Հայաստան–Հայաստանին օգնություն» հասարակական կազմակերպության գործունեությունը, որը Վանաձարում արդեն իսկ իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր:
Հանդիպմանը դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Էրլանգեն քաղաքի «Ոսկե գրքում»:
Այցի ընթացքում դեսպանը հյուրընկալվեց նաև Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանում, որտեղ փոխնախագահ պրոֆեսոր Գյունտեր Լոյգերինգի հետ քննարկեց ՀՀ բուհերի հետ համագործակցության հեռանկարները: