Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենան գլորվել է ձորը, մեքենայում եղած 21 զինծառայողներից 4-ը զոհվել են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
«Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: «Նախնական տեղեկություններով՝ մեկն ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-«Ֆեյսբուք»-ում հայտնել է Ա. Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նաև հայտնել է ավտովթարից զոհված չորս ժամկետային զինծառայողների անունները.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: