ԵԱՏՄ նախագահությունը 2019-ին Ռուսաստանից կանցնի Հայաստանին
ՏնտեսությունՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Մինսկում երեքշաբթի անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն ,Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Ռուսաստան) կառավարությունների ղեկավարները տարատեսակ հարցեր են քննարկել, այդ թվում և ֆինանսների, նավթի և գազի միասնական շուկա ստեղծելու, ինչպես նաև պատժամիջոցներից պաշտպանվելու միջոցների մասին:
Գագաթնաժողովի արդյունքներով՝ կողմերը տասնյակից ավելի հրահանգներ են ստորագրել, որոնք ներկայացվելու են միության անդամ երկրների ղեկավարների հաստատմանը: Նիստի շրջանակներում ԱՊՀ գործադիր հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր է ստորագրվել՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղություններով փոխհամագործակցության ընդլայնմանը:
Բացի դրանից, նշվում է, որ 2019-ին ԵԱՏՄ աշխատանքային մարմիններում նախագահող կողմի գործառույթները Ռուսաստանից կփոխանցվեն Հայաստանին:
«Իր նախագահության ընթացքում Երևանը նպատակաուղղված է այնպիսի նախաձեռնությունների առաջխաղացմանը, որոնք ուղղված կլինեն ապարնքների և ծառայության ազատ տեղաշարժի գործնական կիրառմանը», - Մինսկում հայտնել է ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: