Մեղրիի համայնքի բնակավայրերը անվճար վառելիքային բրիկետներ են ստացել
ՀասարակությունԲնապահպանության նախարարությունը, «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան»ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը: Ծրագրի շրջանակներում «Ռանգէ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20 260 կգ-ի բաշխումն իրականացվել է 2018թ․ նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:
Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները:
Բնապահպանության նախարարության այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև հանրապետությունում այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանումը։