Օրը առջևում է. ԿԸՀ քարտուղարը չի շտապում պնդել, որ մասնակցության ցուցանիշը ցածր է
ՀասարակությունՀայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է հսկայական նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին այսօր հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Մասնավորապես, բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց ծանուցվել է մասնակցել քվեարկությանը, բաժանվել են ծանուցումներ՝ ընտրություններում քվեարկության կարգի մասին: Նա տեղեկացրեց նաև, որ տպագրվել է 30 մլն քվեաթերթիկ, որի համար ծախսվել է 50 տոննա թուղթ: Ծախսված գումարի քանակի մասին Սմբատյանը ոչինչ չասաց, միայն նկատեց, որ գումարները տրամադրել են դոնոր կազմակերպությունները և պետական բյուջեից ոչինչ չի ծախսվել:
Նկատենք, որ ըստ տարբեր տեղեկությունների, նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է 7 մլն ԱՄՆ դոլար:
Հարցին, թե ԿԸՀ-ն «հսկայական նախապատրաստական» աշխատանք է կատարել, սակայն, տվյալները հուշում են, որ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել, Սմբատյանը պատասխանեց. «Ես դրա համար կոչ եմ անում, որ բոլոր ընտրողները գնան ընտրատեղամաս ու հանուն մեր երկրի ապագայի քվեարկեն»:
Նա նաև նկատեց, որ դեռ շուտ է մասնակցության նվազ ցուցանիշի մասին վերլուծություններ կամ եզրակացություններ անել: «Օրը առջևում է», - ասաց նա: