Լարսի անցակետում այս պահին ձնահյուսի վտանգ չկա. կուտակված մարդատար մեքենաների մի մասին այսօր բաց կթողնեն. Փոխնախարար
LifestyleՎերին Լարսի անցակետում այս պահին ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում եւ օրվա ընթացքում մարդատար մեքենաների մի մասին բաց կթողնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տրանսպրոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով, անցակետում հավաքված բեռնատարների բաց թողնելու մասով նորություն կլինի ավելի ուշ. «Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից: Այս պահին ձնահյուսի վտանգ չկա, կարող են մաքրման աշխատանքներն իրականացնել: Հիմա ամենակարեւոր խնդիրն է՝ այդ աշխատանքները հասցնել մինչեւ նոր տարի, որ այդ մարդիկ կարողանան հասնել տուն»,-ընդգծեց փոխնախարարը: Արդեն 4-րդ օրն է, որ Վերին Լարսի անցակետում հարյուրավոր հայկական մեքենաներ են կանգնած, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: «Երեխաներ կան մեզ հետ, ուտելիքը վերջանում է, վառելիքն էլ է վերջացել, շատ անմխիթար վիճակում ենք: Այսօր օրն արեւոտ է, բայց ճանապարհը չեն բացում, չգիտենք ինչ անենք»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վերին Լարսի անցկետում մնացած վարորդներից մեկը:
Նշենք, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 12-ի դրությամբ, ռուսական կողմում կան կուտակված 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Նրանց մեծ մասը հենց հայկական մեքեանաներն են: