Բնակարանից բռնի ուժով վտարված Ռուզաննան եւ նրա 3 անչափահաս երեխաները Ամանորը դիմավորել են բարեկամի տանը
ՀասարակությունԴեկտեմբերի 25-ին Մալաթիայի բաժնի ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմամբ բնակարանից վտարված Ռուզաննան եւ նրա 3 անչափահաս երեխաները Ամանորը դիմավորել են բարեկամի տանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սարգիս Խաչատրյանը։
«Դեռ ոչ մի նորություն չունենք իրավապահ մարմիններից։ Ռուզաննան եւ երեխաները բարեկամի տանն են դիմավորել Նոր տարին։ Սպասում ենք ամսի 8-ին, գոնե կարողանանք տնից իրերը եւ փաստաթղթերը վերցնենք եւ տեսնենք, թե հետագայում ինչ ենք անում»,– ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին երեխաները դպրոց չեն հաճախի, քանի որ չունեն հագուստ, պետք է լուծվի նաեւ վարձով բնակարանի հարցը։
Նշենք, որ Ռուզաննա Պողոսյանին եւ նրա անչափահաս երեխաներին ոստիկանները բռնի ուժով բնակարանից հանել էին դեկտեմբերի 25-ին՝ պատճառաբանելով, որ բնակարանը նրանց չի պատկանում, բանկը այն վաճառել է եւ պետք է անհապաղ լքեն այն։ Ռուզաննա Պողոսյանը ստացված վնասվածքներից հայտնվել էր հիվանդանոցում, այնուհետեւ նա դատաբժշկական փորձաքննություն էր անցել մասնավոր բուժհաստատությունում։