Արցախում Ասյա Խաչատրյանի հայտարարության հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
ՀասարակությունԱրցախի հանրապետությունում նախորդ տարի Ասյա Խաչատրյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին հաղորդում է «Արցախպրեսս»-ը:
Ասյա Խաչատրյանի` զանգվածային լրատվամիջոցներում արված հայտարարության հիման վրա, դեռևս անցյալ տարվա ապրիլին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 323-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Նախաքննության ընթացքում Ա. Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն վերջինս գրավոր կերպով հրաժարվել է հարցաքննության ներկայանալ, պատճառաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ուստի իր ներկայանալը նպատակահարմար չի գտնում:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, անցած տարվա դեկտեմբերին հիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով»,- ասել է ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կ. Գաբրիելյանը:
Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն էր ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով: