«Հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են». ազգությամբ հայ ձերբակալվածները ահազանգում են բանտից. aravot.am
ՀասարակությունՏարիներ առաջ Ուկրաինայում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության համար կալանավորված ազգությամբ հայեր Սերգեյ Կարապետյանն ու Խաչատուր Հովհաննիսյանը ահազանգում են՝ բանտում իրենց կտտանքների են ենթարկում: «Տարիներ առաջ բարձրաձայնվեց ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերի ջարդուխուրդ լինելու փաստը: Ադրբեջանն այս ամենն արեց իր զինված ուժերի միջոցով, հետագայում գերեզմանոցում սարքեցին կրակադաշտ: Այս դեպքն իր արձագանքը գտավ նաև Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Արդյունքում՝ տեղի հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի և ավարտվում մահով: Սպանվում է ադրբեջանցիներից մեկը, որն, իմ տվյալներով, այդ վեճի կազմակերպիչն էր և բարեկամական կապեր ուներ Ալիևի հետ: Դեպքի հետ կապված՝ կալանավորվել են մեր հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանը և Խաչատուր Հովհաննիսյանը: Նրանք 4 տարի է, ինչ բանտում են, ենթարկվում են կտտանքների: Պետք է այս տանջանքներին վերջ տրվի: Այս տղաները պետք է պաշտպանված լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը: Նրա տեղեկություններով, Կարապետյանի ու Հովհաննիսյանի գործով դատաքննությունը 4 տարի առաջ է սկսվել ու դեռ շարունակվում է: