Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա վարորդը հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. նրան հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
ՀասարակությունՓետրվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանը և Սեյրան Ալեքսանյանը՝ Սայաթ-Նովա պողոտայում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Toyota մակնիշի 17 ՕN 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: ՃՈ ծառայողները հետապնդում են նշված ավտոմեքենան, որը փախուստի դիմելով, Սայաթ-Նովա պողոտայից մտնելով Նալբանդյան փողոց, փորձել է թաքնվել ԱԱԾ-ի բակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նորահայտ «կասկադյորը» չի կարողացել խույս տալ Ճանապարհային ոստիկանների հետապնդումից ու արդեն տեղում պարզվել է, որ վարորդը՝ 44-ամյա Անդրանիկ Պողոսյանը, Սայաթ-Նովա պողոտայում Toyota-ով հարվածել է BMW մակնիշի В999МP 190 RUS համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ Էդուարդ Շահսուվարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվում են սթափության փորձաքննության, պարզվում է, որ BMW-ի վարորդը եղել է սթափ, իսկ Toyota-ի վարորդ Ա. Պողոսյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: Է. Շահսուվարյանի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվեց Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում Toyota-ի վարորդը փորձում էր ՃՈ ոստիկաններին համոզել, որ իր խմածությունը չարձանագրվի, ավտոմեքենան էլ չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա», ու փորձում էր ինչ որ զանգերի միջոցով իր խնդիրը լուծել, սակայն նրա համար Ճանապարհային ոստիկանները անդրդվելի էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14606.html?lang=hy