Գազը չի թանկացել․ պատճառը Ամանո՞րն է
ՏնտեսությունՀամացանցում բազմաթիվ օգտատերեր դժգոհություններ էին հայտնել այն մասին, որ տան գազի և հոսանքի ծախսը նախորդ ամսվա հետ համեմատած տասնապատիկ ավելի է արձանագրվել՝ սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում: Օգտատերերից շատերը մտահոգություն էին հայտնում մասնավորապես, որ հայտարարությունները, թե ՀՀ սահմանին գազի թանկացումը չի ազդելու սպառողի վրա, իրականությանը չեն համապասատխանում: Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն իրավական դաշտում է, եթե բնակիչները նման տարբերություն են նկատել, ապա դատական կարգով պետք է փորձեն խնդիրը պարզաբանել։ «Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ ընկերությունը տարին փակել է դեկտեմբերի 28-ին, այսինքն, սպառողները հունվարին վճարել են ոչ միայն այդ ամսվա ծախսած գազի, այլև դեկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում սպառած գազի դիմաց։ Իսկ մենք հայտնի է, թե ինչպես ենք պատրաստվում Ամանորին։ Կարծում եմ, սա նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ չի կարծում, թե գազի սակագնի փոփոխությունն ընկերությունը կփորձի նման կերպով փոխհատուցել։ Այս պահին դեռևս շարունակվում են եռակողմ բանակցությունները սահմանին գազի սակագնի թանկացման բեռը փոխհատուցելու մեխանիզմներ գտնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ՝ այդ բանակցությունները կշարունակվեն մինչև ապրիլ-մայիս ամիսները։ Փարձագետի դիտարկմամբ՝ փոխհատուցման հավանական տարբերակներից են ներդրամային ծրագրի կրճատումը, շահութաբերության 9 տոկոսանոց շեմի իջեցումը, կորուստների նվազեցումը, ինչպես նաև ընկերությունում որոշակի կառուցվածքային փոփոխությունները։ Անդրադառնալով հարցին, թե բանակցությունները դեռևս ավարտված չեն, սակայն գազը արդեն Հայաստան է մտնում բարձր գնով, այս ամիսներին առաջացած տարբերությունն ընկերությունը ինչպե՞ս է փոխհատուցելու, փորձագետը պատասխանեց, որ արդեն որոշ ներդրումային ծրագրերի իրականացումն դանդաղում է։ «Ամեն դեպքում չեմ կարծում, թե Գազպրոմը նման տարբերոկով փորձեր փոխհատուցել սակագնի տարբերությունը»,-ասաց փորձագետը։