Ալիևը փոխում է «расклад»-ը
ՄիջազգայինՕրերս հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը ներում է շնորհել 431 դատապարտյալի, նրանց թվում են նաև ընդդիմադիրներ ու քաղբանտարկյալներ: Ըստ տեղեկությունների՝ համաներման են ենթարկվել 50 ընդդիմադիրներ, որոնցից 10-ը քաղբանտարկյալ են:
Ազատության մեջ են երիտասարդական «Նիդա» շարժման ակտիվիստներ Իլկին Ռուստամզադեն, Էլգիզ Ղահրամանովը, Բայրամ Մամեդովը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, երգիծաբան Թոֆիկ Հասանովը, լրագրող Ֆիկրետ Փարամազօղլուն, Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամներ: Համաներմամբ երեք բանտարկյալից մահ ազատազրկումը փոխարինվել է 20 և 25 տարվա բանտարկությամբ:
Ադրբեջանի նախագահի կայքում նշվում է, որ Ալիևը ներման հրամանագրերը ստորագրել է` դատապարտյալների, նրանց ընտանիքիների խնդրագրերի, մարդու իրավունքների հանձնակատարի և իրավապաշտպան կազմակերպությունների դիմումների հիման վրա: Ի դեպ, մարտի 2-ին Ադրբեջանում ազատարձակվեց նաև հայտնի բլոգեր ու իրավապաշտպան Մեհման Հուսեյնովը: Նրա ազատարձակումը պահանջում էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Մինչ այդ 2018-ի մայիսին Ի.Ալիևը ներում էր շնորհել 12 քաղբանտարկյալի: Իր հերթին մարտի 4-ին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների միությունը» հրապարակել էր 113 քաղբանտարկյալների ցուցակ: Իրավապաշտպանները նշել են, որ իշխանությունները սկսել են ակտիվիստներին ավելի հաճախ դատապարտել ոչ թե քրեական, այլ վարչական հոդվածներով:
ԵՄ-ն արդեն գնահատել է Իլհամ Ալիևի գթասրտությունը: Ինչ հրաշալի է լինել բռնապետ` խելքից-մտքից դուրս կալանավորում-ձերբակալում-ազատազրկում ես, հետո ազատ ես արձակում ու դառնում ես բարեգործ, գթասիրտ ու բարերար: Երկրից երկիր խոսում են քո ժողովրդավարության մասին ու բարության` գովում են ու նույնիսկ շնորհակալություն հայտնում: Իրականում` Իլհամ Ալիևին այս «ժողովրդավարական» պոռթկումին ոչ նովրուզն է դրդել, ոչ սոցցանցերի ակտիվիստները, ոչ էլ միջազգային իրավապաշտպան կառույցների պահանջները, այդ պահանջները միշտ են եղել: Նրան բարեփոխիչի իմիջը խիստ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում` հավասարակշռելու իր բռնապետի համբավն ու ՀՀ իշխանության լեգիտիմությունը: Նա ևս փորձում է փոխել խաղը:
Անդրանիկ Հարությունյան