Չարենցավանի քաղաքապետը լուրը չհերքեց
ՀասարակությունՕրերս տեղեկություն էր տարածվել, որ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչ, 54-ամյա Նորիկ Վարդանյանը դիմել է ՀՔԾ պետին և հայտնել, որ ինքը 2006 թվականին գնել է Չարենցավան-Արզական խաչմերուկում գտնվող բենզալցակայանը, հետագայում իր միջոցներով բենզալցակայանը գազալցակայանի վերածել ու շահագործել: Սակայն, երեք տարի անց՝ 2009 թվականին Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շագգալդյանը Ն. Վարդանյանին ստիպել է, որպեսզի իրեն պատկանող գազալցակայանի կեսը 150 հազար դրամով վաճառի իր որդուն՝ Հակոբ Շահգալդյանին:
Նշենք, որ խոսքը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շագգալդյանի որդու՝ Չարենցավանի ներկայիս քաղաքապետի մասին է: Տեղեկության մասին պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց Հ. Շահգալդյանին:
Մեզ հետ զրույցում նա սկզբում ասաց, որ նման բան չկա: Ճշտող հարցին՝ նման դիմում չկա՞, թե՞ նման բան չի եղել, Հ. Շահգալդյանը պատասխանեց.
«Դիմելը՝ դիմել է, բայց նման բան չի եղել: Ոչինչ, իրավապահներն ամեն ինչ կպարզեն»:
Նշենք նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ՀՀ քրեական դատավարության 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում հատկանիշներով, դիմումն ուղարկվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Արմինե Գրիգորյան