10 տարի աշխատել է լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են․ Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանին
ՀարցազրույցԿարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը գործի և արդյունքի է սպասում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն մեղադրանքներին, որ նա հաճախակի ելույթ չի ունենում խորհրդարանի ամբիոնից:
«Այդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են: Այդ մարդն իրավունքն ունի՞ Ծառուկյանի անունը տալու: Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին է խոսում, ինքն ինչ է արել, Ծառուկյանն է արել։ Մարդը պետք է հասկանա՝ ինչ է ասում։ Ժողովուրդը դատարկ-դատարկ խոսելով չի բավարարվում, նա ուզում է փոփոխություն առօրյայում, աշխատանքի մեջ, դրա համար պետք է գործ անել, ոչ թե դատարկ-դատարկ խոսել։ Ամեն մեկը դերի մեջ մտնելով, թե ով ավելի երկար կխոսի, դա ժովորդին չի հետաքրքորում. ժողովուրդը սպասում է արդյունքի»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց՝ եթե ցանկացած պատգամավոր իր արածի 3 տոկոսն արած լիներ՝ մեր երկիրը կզարգանար։