ՊԵԿ-ը հերքում է. շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ
ՏնտեսությունՄամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:
Orer.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
«Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: Գեղամ Սարմազյանը չի հանդիսանում վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան։ Նա համակարգում վաղուց է աշխատում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ»,- ասացին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այցելել էր այդ մաքսակետ, որի ժամանակ կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին: Ավելի ուշ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագողներին տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև մաքսատան պետը, որը բավարարվել է:
Այսինքն, հասարակության ուշադրությունն այս պաշտոնի հանդեպ սկսվեց այդ միջադեպից հետո և, բնական էր, որ նոր նշանակումը պետք է դառնար քննարկման առարկա, որը, փաստորեն, այս անգամ ճիշտ չէր:
Արմինե Գրիգորյան