Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևորագույն դեր ունի սփյուռքը, որը պետք է դիտարկել որպես սպառողական շուկա և ավելացնել արտահանման ծավալներն այդտեղ: Դա կնպաստի ՀՀ առևտրային հաշվեկշռի հավասարակշռմանը, որն էլ կհանգեցնի տեղական արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ավելացմանը' լուծում տալով սոցիալական խնդիրներին և կանխելով արտագաղթը: Տնտեսության զարգացման նման շղթա է առաջարկում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ շղթայի կիրառմամբ հնարավոր է ավելացնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանումը' խթանելով տնտեսական աճը: Մանասերյանի կարծիքով' տնտեսական աճ ապահովելու համար, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել հատկապես գյուղատնտեսությանը և գիտատար արտադրություններին: «Այսօր հողատարածքների մի զգալի մասը չի մշակվում, այնինչ պատշաճ մոտեցման դեպքում դրանք կարող են օգտագործվել' ավելացվելով գյուղմթերքի արտադրության ծավալները: Իսկ ինչ վերաբերում է գիտատար արտադրություններին, ապա դրանք կարող են լավ զարգացում գտնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում, որտեղ պահանջված է այս ոլորտը: Հնարավոր եմ համարում համատեղ ձեռնարկությունների միջոցով ոլորտի զարգացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Տնտեսագետի խոսքով' ԵՏՄ անդամակցությունը կարող է շահավետ լինել, եթե զարգացվի հատկապես այդ ոլորտները: «Եթե Հայաստանի առանձին ճյուղերի մրցունակությունը չբարձրանա, ապա ԵՏՄ երկրներից Հայաստան կներկրվեն ապրանքներ, և տեղական արտադրանքը դուրս կմղեն»,- ասաց Մանասերյանը: