Սպանությունները նվազել են, իսկ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշն՝ աճել
ՀասարակությունԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է նաև ՀՀ դատախազ Արթուր Դավթյանը: Ներկայացնելով 2018 թվականի ընթացքում բացահայտնված հանցագործությունների ընթացքը, նա նշեց, որ կարծիքը, թե անցյալ տարվա դրությամբ հանցագործությունների թիվն աճել է, այդքան էլ այդպես չէ:
Գրանցված մոտ 22 500 դեպքը, որը 11,2 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցնիշը, պայմանավորված է նրանով, որ դրանք թեև բացահայտվել են նախորդ տարի, սակայն, ավելի վաղ տեղի ունեցած հանցագործություններ են եղել: Իսկ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշները նախորդ տարիների համեմատ աճել է 3-4 անգամ:
«Մասնավորապես աճել են պաշտոնական դիրքի չարաշամամբ կամ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացումներ, խարդախություններ, կաշառք վերցնելու կամ տալու դեպքերի բացահայտումները: Երկու ուղղություններով ևս աճել են ցուցանիշները, որը մտահոգիչ է: Մասնավորապես աճել են նաև հափշտակության և բնակարանային գողությունների դեպքերը 60 %-ով, իսկ ճանապարհային երթևեկության դեպքերն աճել են 30 %-ով»,- նշեց Ա. Դավթյանը:
Ինչ վերաբերում է սպանությունների դեպքերին, ապա դրանք այնքան են նվազել, որ մոտեցել են վերջին 30-40 տարիների ցուցանիշին, ինչը, ըստ Ա. Դավթյանի աննախադեպ ցածր ցուցնիշ է համարվում:
Արմինե Գրիգորյան