Շարժական սրճարանների տերերը կդիմեն ծայրահեղ քայլերի
ՀասարակությունԱյս պահին կառավարության շենքի մոտ հավաքված շարժական սրճարանների սեփականատերերը շարունակում են բողոքի ակցիա իրականացնել: Նրանք պահանջում են վերանայել ոլորտը կարգավորող օրենքները:
Խնդիրն այն է, որ Երևանի ավագանին ավելի վաղ որոշում էր կայացրել, որ նման սրճարանները ֆիքված վայրերում գործունեություն իրականացնեն, ինչին դեմ են սրճարանների տերերը: Այդ դեպքում, տարբեր ժամերի տարբեր վայրերում գործունեություն իրականացնելու հնարավրություն չեն ունենա, ինչը ևս մեկ խոչընդոտ է բիզնեսի համար:
Բացի այդ, ապրիլի կեսերից քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաների կայանման վայրերում տեղակայել շարժական սրճարաները, ինչի հետ տնտեսվարողները նույնպես համաձայն չեն:
«Շարժական սրճարանների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արեն Մելիքյանը Orer.am-ի հետ զրուցի ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի կեսերից գործունեությունը կասեցնում են հոսանքազրկելով:
«Հոսանքազրկվել են նույնիսկ այնպիսիք, որոնք ՀԷՑ-ի հետ պայմանագիր ունեն: Նախկինում քաղաքապետարանի կողմից թույլտվություն ստացած սրճարանները ներկայում անխափան գործում են և չեն հոսանքազրկվում, ինչը անհավար պայմաններ է ստեղծում նույն գործառույթն իրականացնող բիզնեսի տարբեր ներկայացուցիչների համար: Նման մոտեցումն անարդար է, քանի որ թույլ չի տալիս տնտեսվարողներին աշխատել և մուծել հարկերը»,- նշեց Ա. Մելիքյանը:
Նրանք պահանջում էին նաև, որ ոլորտը կարգավորող օրենքներ ընդունվեն, ինչն ավելի որոշակի կդարձնի այս բիզնեսով զբաղվողների բոլոր քայլերը: Շարժական սրճարանների սեփականատերերը նշեցին նաև, որ եթե ոլորտը չկարգավորվի, իրենք ստիպված կլինեն ծայրահեղ քայլերի դիմել:
Արմինե Գրիգորյան
Արմինե Գրիգորյան