Ոչ մի տեսախցիկ չի հանվել, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը. ՃՈ պետ
ՀասարակությունԱնցած մեկ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։ Նրա խոսքով պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։
«Պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային ոստիկանության կանոնները։ Հարգելի լրատվամիջոցներ ես ձեզ եմ դիմում եւ խնդրում, որպեսզի դուք հնարավորինս շատ կարողանաք լուսաբանել։ Մեր վարորդների, հետիոտների ինչպես նաու ուղեւորների ենթագիտակցության մեջ էլ մտնի, որ պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները»,– ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով նմանատիպ դասընթացներ անց կացվում են դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ եւ ցավալի է, որ նույնը պետք է անել հասուն մարդկանց հետ։
«Ես ոստիկանության պետի հանձնարարությամբ մոտ կես ժամ առաջ դպրոցում դասընթաց էի իրականացնում դպրոցահասակ երեխաների հետ եւ նույն բանն էի բացատրում նրանց։ Շատ ցավալի է, որ դպրոցահասակ երեխային բացատրում ենք, որ ինչ անի երթեւեկության կանոնները պահպանելու համար եւ նույնը պետք է ասենք 40–50 կամ 30 տարեկան մարդկանց»,– ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով տրանսպորտին, մասնավորապես տաքսիներին, նշեց, որ այսօր Երեւան քաղաքում դրանց կայանման խնդիրը կա, քանի որ 2017թ.–ից մինչ այսօր մոտ 170 հազար մեքենա է ներմուծվել Հայաստան եւ դրանց կեսը գտնվում է մայրաքաղաքում։
«Մոտավորապես 170–180 հազար մեքենա է մտել Հայաստան, դրանց մի մասը ուղիղ կեսը գտնվում է Երեւան քաղաքում։ Մոտ 420 կմ տրանսպորտ միայն վերջին 2 տարում ավելացել է Երեւան քաղաքում։ Տաքսու, տրանսպորտի կայանման խնդիր կա»,– ասաց Կարապետյանը
Անդրադառնալով արագաչափերին եւ տեսախցիկներին Կարապետյանն ասաց. «Տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրելն ինքնանպատակ չէ։ Ուսումնասիրություն է կատարվում, դիմում ենք համապատասխան քաղաքապետերին կամ գյուղապետերին. կլինի համապատասխան թույլտվություն իրենց կողմից, նոր կդրվեն արագաչափերը»։
Հարցին, որ կան արագաչափեր եւ տեսախցիկներ, որոնք հանվել են, Կարապետյանը պատասխանեց, տեսախցիկներ չեն հանվել, բոլորն իրենց տեղերում են, հանվել են միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածր արագաչափերը։