Նիկոլ Փաշինյանը երկօրյա արձակուրդ կվերցնի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի: Այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին՝ Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում:
«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին, ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը սկսելու է նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում:
«Դրանից հետո լրագրողները կորոշեն՝ ինչի մասին խոսեմ»,-հավելեց վարչապետը: