Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գտնում է, որ մենք գործ ունենք դավադիր գործընկերների հետ, և դա դեռ կբերի լուրջ անակնկալների,- այս մասին հայտնում է Orer.am-ը: «ԵԱՀԿ-ն անատամ հայտարարություն է արել, ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես, քանի որ այդ մարդիկ իրենց առջև անվտանգություն ապահովելու խնդիր չունեն»,- ընդգծել է Շիրխանյանը: Ըստ վերջինիս՝ ԵԱՀԿ-ն պետք է հայտարարի, որ Ադրբեջանը ոչ հուսալի գործընկեր է, և եթե այդ կառույցը չկատարի նման քայլեր, պետք է հրաժարվել նրա ծառայություններից: Նույն զարմանքը պրն. Շիրխանյանը ունի նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ, որը վաղուց պետք է պատժեր Ադրբեջանին:
Վ.Շիրխանյանը կարծում է, որ ժամանակին մենք պետք է ոչ թե զինադադարի, այլ՝ խաղաղության պայմանագիր կնքած լինեինք Ադրբեջանի հետ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ցավով նշում է, որ Հայաստանը քսան տարի շարունակ վարել է պարտվողի դիվանագիտություն: