Գյուղնախարարությանը 377 մլն դրամ հատկացվեց. գյուղվարկերի սուբսիդավորման եւ տավարաբուծության ծրագրերի համար
ՏնտեսությունԿառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը 2019-ին հատկացնել 377,26 մլն դրամ:
Գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» եւ «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից վերամշակվել եւ կառավարության հաստատմանն են ներկայացվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման», «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» եւ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրերը:
Սույն ծրագրերով ներկայացված ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշներին: