Շրջանառության մեջ դրվեց «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ
ՀասարակությունՀայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան150- ամյակը» թեմային:
650 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 40000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ , փիլիսոփա Մահաթմա Գանդին՝ խորհրդանշելով իր «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումն ու խաղաղասիրության գաղափարները:
Նամականիշը մարեցին Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը:
Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացել է անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: Գանդին ճանաչվել է և հարգվել իբրև Հնդկաստանի հայր: