Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ պաշտոնը. Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին
Հասարակություն
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերի Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։
Ոստիկանության պետը անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերի Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։
«Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջեւ»,-շեշտեց ոստիկանության պետը։