Կալիֆոռնիայում բացվում է Լոս Անջելեսի միջազգային ավտոսալոնը (LA Auto Show 2014): Առաջին երկու օրերին ցուցադրանքը ներկայացվում է միայն մամուլին, լայն հասարակությունը նորույթներին կկարողանա ծանոթանալ նոյեմբերի 20-ից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հյուրերը կտեսնեն ավտոմեքենաներ, որոնք ամենամոտ ապագայում կստացվեն շուկայում, ինչպես նաև կոնցեպտուալ նախագծեր: Այցելուները կծանոթանան ավելի քան երկու տասնյակ համաշխարհային պրեմիերաների, որոնց թվում կլինեն BMW կոնցեռնի երկու նորույթ՝ X5M-ը և X6M-ը: Porsche-ն բերել է նոր Cayenne GTS-ը, Porsche GTS-911-ը, ինչպես նաև սպորտային Carrera GTS-ը:
Ամերիկացի սպառողներն սպասում են Ford ընկերության նոր հիթի՝ հաջորդ Ford Esplorer-ի շնորհանդեսին, որը վաճառքի կհանվի 2016 թվականին: Արտադրողը խոստացել է կենտրոնանալ վառելիքի տնտեսման տեխնոլոգիաների վրա:
Բացի այդ, նորույթների թվում հայտարարված է Ford Mustang ShelbyGT350 լեգենդար մոդելը: Daimler-ն այցելուներին կծանոթացնի «լյուքս» դասի Սեդանի նորագույն մոդելին՝ Mercedes-Maybach S600-ին՝ 530 ձիաուժ հզորության շարժիչով:
General Motors-ը կցուցադրի երկար սպասված մարզական կուպեն՝ Cadillac ATS-V-ն: Հետաքրքիր մյուս նորույթների շարքում կլինեն Honda HR-V-ն և Mazda CX-3-ը:
Ընդամենը նոյեմբերի 18-ից մինչև 30-ն ավտոսալոնի հյուրերը կտեսնեն 40-ից ավելի համաշխարհային պրեմիերաներ և կոնցեպտուալ նախագծեր:
Լոս Անջելեսի առաջին ավտոսալոնը կայացել է 1907 թվականին, կարևորությամբ այն համարվում է ԱՄՆ-ի երկրորդ հարթակը՝ Դեթրոյթի ստուգատեսից հետո: Այս տարի սալոնի կազմակերպիչներն սպասում են առնվազն մեկ միլիոն այցելուների, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: