Գյումրիում նախատեսված է տեղադրել 70 սմարթ-կանգառ
ՀասարակությունԳյումրիում տեղադրվեց առաջին սմարթ-կանգառը: Ընդհանուր առմամբ, քաղաքում նախատեսված է 3 տարվա ընթացքում տեղադրել 70 կանգառ, որոնցից 35-ը կտեղադրվի այս տարի: Այս մասին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից:
Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը ծննդով գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է: Վերջինս մոտ 20 տարի բնակվել է Մոսկվայում և միայն անցած տարի տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության: «2 տարեկան հասակում տեղափոխվել ենք ՌԴ, իսկ այս Թավշյա հեղափոխությունից հետո, տեղափոխվեցինք Գյումրի: Որդուս ապագան Հայաստանում եմ տեսնում: Մինչ հիմնական բնակության մեկնելը, մեկ ամիս ո ւ կես նախ եկա տեսա, որ այստեղ կարելի է և՛ ապրել, և՛ բիզնես անել և նոյեմբերից արդեն հիմնական տեղափոխվեցինք»,-լրագրողներին պատմեց երիտասարդ գործարարը՝ տեղեկացնելով, որ այս պահին Տավուշի մարզում գյուղատնտեսական ֆերմա ունի:
Կանգառի լուսավորությունն ապահովելու համար օգտագործվում է արևային էներգիա: Կանգառների վրա տեղադրված սարքերը մարդկանց հնարավորություն են ընձեռում լիցքավորելու հեռախոսները, որի համար ևս օգտագործվում է արևային էներգիան:
Ներդրողն իր խոսքում ընդգծեց, որ իր համար շատ կարևոր են բնակիչների արձագանքը, կարծիքն ու առաջարկները, ուստի առաջիկայում տեղադրվելիք կանգառները կունենան դիզայնի որոշակի փոփոխություն, որում արտացոլված կլինի բնակչության կարծիքը: