Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որ կարող է օգտագործվել Արցախում
ՄիջազգայինՏարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ մենք մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք լինելու այդ հարցին։ Այդ հարցը մենք բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ադրբեջանը Ֆրանսիայից պատրաստվում է զենք գնել, Աննա Նաղդալյանն ասաց․ «Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտին վերաբերող մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որ կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որ կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը»։