Կառավարությունը 35 մարզիկների զորակոչից տարկետում տվեց մինչև 2023 թվականը
ՍպորտԿառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկների:
Նրանցից 8-ը ծանրամարտիկներ են, 12-ը՝ ըմբշամարտիկներ, 5-ը՝ բռնցքամարտիկներ, 5-ը՝ սամբիստներ, 2-ը՝ թաեքվոնդիստներ, մեկական կարատեի, շախմատի, ուշուի մարզիկներ:
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:
Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում չստանան»,- ասված է հիմնավորման մեջ: