Սոցիալական շտապօգնության համակարգն օգնում է առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին
ՄշակույթՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների երեխաների կրթության ապահովմանն ուղղված նոր նախաձեռնություն է սկսել:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը:
«Մենք սկսել ենք նոր նախաձեռնություն՝ Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրումը, որն ապակենտրոն ցանց է: Այն ռեսուրսները, որոնք միշտ եղել են, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք ուղղվել են անապահով երեխաների կրթությանը, այսուհետև կհամակարգվեն նախարարության կողմից»,- ասաց Հովսեփյանը:
Նա նկատեց, որ նախաձեռնության շրջանակում առաջին ծրագրերից մեկն ուղղված է լինելու առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին օգնություն ցուցաբերելուն:
«Ենթադրում ենք, որ 40-42 հազար առաջին դասարանցի կունենանք, ըստ նախնական գնահատականների՝ նրանցից 8600-ը նպաստառու ընտանիքներից են լինելու, ինչը մեծ թիվ է, և շտապօգնության համակարգը կօգնի լուծել այս խնդիրը»,- հավելեց Հովսեփյանը: