Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում բնակվող 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ-Շախտինսկի քաղաքի բնակչուհուն:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Ռոստովի գծով գլխավոր մարզային վարչության մամլո ծառայությանը, օգոստոսի 1-ին հրդեհ է բռնկվել Կամենսկ-Շախտինսկի տներից մեկում, այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, գտնվելով մոտակայքում և նկատելով կրակը, առանց մտածելու նետվել է դեպի այրվող տուն:
Հայտնվելով տան ներսում՝ երիտասարդը հաշմանդամ կնոջ է գտել և առանց խուճապի մատնվելու նրան դուրս է բերել փողոց: Օգնության հասած ընկերը նրանց հետևից դուրս է բերել կնոջ անվասայլակը:
«Այդ պահին ես իսկապես չէի մտածում վտանգի մասին, սակայն եթե նման բան ևս մեկ անգամ պատահի, կրկին կնետվեմ օգնության առանց մտածելու: Կարծում եմ՝ իմ փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպես կվարվեր», - ասել է Հովսեփը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:
Նշվում է, որ փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են զանգել, և դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին դրսևորած անձնուրացության համար: