Առնվազն 36 մարդ է տուժել Ճապոնիայում մոլեգնած թայֆունից. կա մեկ զոհ
ՄիջազգայինՃապոնիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 36-ը՝ տուժել «Ֆակսայ» թայֆունի հետևանքով, որն անցած գիշեր մոլեգնել է երկրի կենտրոնական և արևելյան տարածաշրջաններում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Զոհվել է Սետագայա շրջանի մի բնակչուհի, որն ընկել է քամու պոռթկումից և գլխով բախվել շենքի պատին: Բոլոր տուժածներն ապրում են մայրաքաղաքի տարածաշրջանում և Կանագավայի, Սայտամայի, Սիձուոկայի ու Տիբայի պրեֆեկտուրաներում:
Ճապոնական ավիաընկերությունները թայֆունի հետևանքների պատճառով մինչ այս պահը հարկդրված են եղել չեղարկել 163 ներքին չվերթ:
Առավոտյան մայրաքաղաքում խախտվել էր երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը: «Ֆակսայը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձևավորված 15-րդ թայֆունը: Այժմ արևադարձային փոթորիկը թուլացել է և լքել Ճապոնիայի տարածքը: