Ջերմուկցիներն անում են իրենց քայլը. ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է (տեսանյութ)
TVՋերմուկցիներն անում են իրենց քայլը. ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները կշարժվեն դեպի Երևան և կմիանան Ազատության հրապարակում նախատեսված քայլերթին` նվիրված Ամուլսարի փրկությանը։ Ակցիայի մասնակիցները քայլերթ կիրականացնեն մի քանի ուղղություններով, իսկ երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:
«Կոչ ենք անում միանալ այս խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։ Ամուլսարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետքայլ չունենք։ Ամուլսարը սար է մնալու և վերջ», - նշում են ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։