Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն
ՄիջազգայինՍեպտեմբերի 14-ը Բարսելոնայի հայ համայնքի կյանքում նշանավորվեց կարևոր մի միջոցառմամբ:
Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկերներ նվիրաբերվեցին տեղի կաթոլիկ եկեղեցուն՝ ի նշան բարեկամության հայ և իսպանացի ժողովուրդների:
Անչափ խորհրդանշական էին նաև ընտրված սուրբերը՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ով լուսավորեց մեր ժողովրդին քրիստոնեական հավատքով և Սուրբ Գրիգոր Նարեկացին, ով իր աղոթքներով անգերազանցելի մնաց համաշխարհային եկեղեցու կյանքում:
Շատ հետաքրքրական է, որ այս երկու սուրբերի արձանները կանգնեցված են Վատիկանում, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու սիրտն է:
Պատմական էր այս օրը բարսելոնահայության կյանքում, քանի որ հայ եկեղեցու երկու կարևոր սուրբերի պատկերները եկան զարդարելու Բարսելոնայում գտնվող կաթոլիկ եկեղեցու պատերը՝ դրանով մեր հավատքի երկու կարևոր սյուների բարեխոսությունը բերելով Բարսելոնայում ապրող ամեն մի հայ հավատացյալի կյանքում և ինչու չէ փոխանցելու հպարտության զգացումը հայ ինքնության:
Մայիլյան ընտանիքի հրավերով և ցանկությամբ՝ սրբապատկերները օծվեց Վատիկանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոսի ձեռամբ՝ համաձայն մեր եկեղեցական կանոնների:
Մեր խորին շնորհակալությունները Մայիլյան ընտանիքին, ի մասնավորի Արման Մայիլյանին, ով իր այս նախաձեռնությամբ այս օտար երկրում ցույց տվեց հայ մարդու տեսակի և նրա ստեղծարար ու հոգևոր կերպարի բարձրագույն դրսևորումը: