Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ)
TVՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։
Նշենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՍԴ որոշման հիմքով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվելու է այսօր՝ սեպտեմբերի 17–ին։