Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը:
«HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությունից և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները և նշել, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը: Այս համատեքստում հեռանկարային կարող է լինել նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ HSBC-ն հուսալի գործընկեր է, և կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում բանկի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: