«Բոինգ» ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բառնաուլի օդանավակայանում․ կա 23 տուժած
Միջազգային«Բոինգ 767-300»-ի վթարային վայրէջքի հետեւանքով տուժածների թիվը հասել է 23-ի, ուղեւորներից 5-ը հոսպիտալացվել են, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ըստ տեղեկատվության, Բառնաուլի Գերման Տիտովի անվան օդանավակայանում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռը Կամրան (Վիետնամ)- Բառնաուլ չվերթ էր իրականացնում։ Կատարվել է 334 ուղեւորների եւ անձնակազմի 10 անդամների տարհանում։
Տարածաշրջանի կառավարության մամուլի կենտրոնից հայտնել են, որ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել։ Ինքնաթիռի հրամանատարը դիսպետչերին հայտնել է շասիների հնարավոր հրդեհման մասին։ Մամուլի կենտրոնը հավաստիացնում է, որ բոլոր ծառայություններն օպերատիվ են աշխատել։
Բառնաուլից Կամրան հետադարձ թռիչքի համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է տրամադրել, հայտնում է Azur Air-ը։
Միջադեպի պատճառները ճշտվում են, դրա համար ստեղծվել է հանձնաժողով։