Գվարդիոլա․ Գիտենք, որ տիտղոսի համար մրցավազքում մեր մրցակիցը «Լիվերպուլն» է
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո խոսել է փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։
«Մենք գիտեինք, որ «Լիվերպուլը» դարձյալ հաղթել է եւ տարբերությունը մեր միջեւ հասել է 8 միավորի, ինչն անդունդ է։ Մեր հաղթանակից հետո տարբերությունը դարձյալ 5 միավոր է եւ դեռ շատ հանդիպումներ կան առջեւում։
Մենք գիտենք, որ տիտղոսի համար մրցավազքում մեր մրցակիցը «Լիվերպուլն» է, որը 7 անընդմեջ հաղթանակ ունի, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը եւ հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում։
Գիտենք, որ արդեն չենք կարող միավոր կորցնել, քանի որ անցած մրցաշրջանում նրանք հետ մնացին միայն մեկ միավոր։ Մրցաշրջանը երկար է, պետք է շարունակել աշխատանքը եւ հետ չմնալ։ Այդ դեպքում, հնարավոր է, ստացվի ճնշում գործադրել նրանց վրա եւ երրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնությունը «Մանչեսթեր Սիթին» ավարտեց 98, «Լիվերպուլը»՝ 97 միավորով։