Հայաստանը միակողմանիորեն չեղարկում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու կապալառուի հետ պայմանագիրը․ փոխվարչապետ
ՏնտեսությունՀայաստանը միակողմանիորեն չեղարկում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու կապալառուի՝ իսպանական Corsan Corviam ընկերության հետ պայմանագիրը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Փոխվարչապետի խոստովանությամբ, իրենք խնդիրներ ունեն Corsan Corviam-ի հետ։ «Ընկերությունը դեպի սնանկացում է գնում, եւ մենք տվյալ պահին գտնվում ենք պայմանագրի միակողմանի լուծման գործընթացում։ Ամենայն հավանականությամբ նաեւ արբիտրաժային գործընթաց կլինի»,- ասաց նա։ Ավինյանի խոսքերով, այդ նույն գործընթացը միաժամանակ կարագացնի ճանապարհի կառուցումը, քանի որ սնանկացող ընկերությունը չէր կարող այն կառուցել։
«Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ կերպ կլուծվի խնդիրը»,- ասաց փոխվարչապետը։ Նա նաեւ հնարավոր է համարում ճանապարհի այդ հատվածի կառուցման համար տենդերի հայտարարումը։ Նշենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ըստ ծրագրի պետք է Հայաստանի (Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) եւ Վրաստանի տարածքով ելք ապահովի դեպի Սեւ ծով եւ եվրոպական երկրներ։ Ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի սահման) եւ հարավի (Իրանի սահման) համար տրանսպորտային կոմունիկացիաների միջոցով կապ հաստատելուն եւ դեպի համաշխարհային շուկաներ ելքին։