Կուբայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Միգել Դիաս Կանելին
ՄիջազգայինԿուբայի խորհրդարանը Հավանայում արտահերթ նիստի ժամանակ երկրի նախագահ է ընտրել Միգել Դիաս Կանելին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ազգային ասամբլեայի 605 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 575-ը։ Բացի Դիաս Կանելից, նախագահի պաշտոնին էին հավակնում եւս 17 թեկնածուներ, սակայն դիտորդները մինչեւ ընտրությունները նրա հաղթանակն էի կանխատեսում։
Կուբայի Ազգային ասամբլեայի եւ պետխորհրդի ղեկավարների պաշտոնում հեռացող Դիաս Կանելին կփոխարինի Էստեբան Լասո Էռնանդեսը, որը նախկինում խորհրդարանի խոսնակն էր։
Նախագահի պաշտոնը երկրում ներդրվել է փետրվարին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։ Երկրի հիմնական օրենքի նոր տարբերակի օգտին Կուբայում քվեարկել էր ընտրողների ավելի քան 73 տոկոսը։ Սահմանադրությամբ ներդրվում է նախագահի եւ վարչապետի պաշտոններ, որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամանակաշրջանը սահմանափակվում է երկու ժամկետով, յուրաքանչյուրը՝ 5 տարի, ինչպես նաեւ ճանաչվում է մասնավոր սեփականության իրավունքը։