Նոյեմբերին Գյումրիում կբացվի մեքենաների մաքսազերծման ժամանակակից եւ հարմարավետ կետ. ՊԵԿ
ՏնտեսությունՀասարակությունը սխալ պատկերացում է կազմել, թե Գյումրիում արդեն բացվել է ավտոմեքենաների մաքսազերծման կետը, բայց դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, 2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, հոկտեմբերի 15-ին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա պարզաբանեց, որ Գյումրի են տեղափոխվել միայն ավտոմեքենաների մաքսազերծման լիազարությունները։ «Ճապոնիայից եւ Վրաստանից ներկրված ավտոմեքենաները երեկ ուղղվել են «Հյուսիսային» մաքսակետ։ Դա կապված էր այն բանի հետ, որ մենք չենք ցանկացել խախտել ծրագրված ժամկետները եւ իրականացնել փոխադրումը երկու փուլով»,- ասել է Անանյանը։
ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ խնդիրն առաջացել է նոր մաքսակետի կառուցման ձգձգման պատճառով՝ հավաստիացնելով, որ նոյեմբերին Հայաստանը կունենա ավտոմեքենաների մաքսազերծման «լավ» մաքսակետ՝ ժամանակակից հարմարություններով եւ ենթակառուցվածքով։