Գյուղատնտեսական հողերի հաշվին անտառային տարածքների մեծացումը չի հանգեցնի գյուղացիների եկամուտների կրճատման. պաշտոնյա
ՏնտեսությունԱնտառային տարածքները մինչեւ 20,1 տոկոս մեծացնելու համար անհրաժեշտ է ներգրավել գյուղատնտեսական հողեր, սակայն դա չի նշանակում, որ դա կկատարվի գյուղացիների եկամուտների կրճատման հաշվին: Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության փոխնախարար Վարդան Մելիքյանը:
Նրա խոսքով՝ արդեն անցկացվել են հողերի որակավորման աշխատանքներ, եւ իշխանությունները մտադիր են օգտագործել այն հողերը, որոնք դեգրադացվել են եւ այլեւս արդյունավետ չեն գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար:
Փոխնախարարը նշեց, որ 10 մլն տնկիներից, որոնք տնկելու անհրաժեշտության մասին խոսել է վարչապետը, Հայաստանում կա 2 մլն, մնացյալը ներմուծվելու է: «Անհրաժեշտ է զարգացնել ծառեր աճեցնելու տեխնոլոգիաները՝ հաշվի առնելով, որ անտառների մակերեսի կրկնապատկման համար անհրաժեշտ է ամեն տարի տնկել մինչեւ 30 մլն ծառ»,- ընդգծեց նա: