Պենտագոնը 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ՝ դուրս թողնելով Amazon-ին
ՄիջազգայինՊենտագոնը Microsoft-ի հետ 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ամպային հաշվարկների համակարգ ներդնելու վերաբերյալ՝ դրանով իսկ անտեսելով Amazon-ին, տեղեկացնում է BBC-ին։
Պայմանագիրը, որը կնքվել է 10 տարով, ենթադրում է ձեռնարկությունների միավորված պաշտպանական ենթակառուցվածքի (Jedi) ստեղծում եւ նպատակ ունի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դարձնել ավելի ճկուն։
Նշվում է, որ Amazon ընկերությունը համարվում էր այդ պայմանագիրն ստանալու մրցակցության ֆավորիտը եւ ավելի ուշ զարմանք է հայտնել այդ որոշման հետ կապված։
Պենտագոնում ասել են, որ արդարացի են վերաբերվել ներկայացված բոլոր հայտերին։
Պայմանագրի համաձայն՝ Microsoft ընկերությունը կփոխի Պենտագոնի հնացած համակարգչային ցանցերը նոր ամպային համակարգով։ Մատուցվող ծառայությունների մեջ կմտնեն արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությունները, ռազմական գաղտնիքների համակարգում դրանց ներդրումը։
Նախատեսվում է, որ նոր համակարգը կապահովի ամերիկյան զինվորականներին նաեւ ռազմական գործողությունների կետերի մասին տվյալներով։
Ավելի վաղ Amazon ընկերությունը համարվում էր պայմանագրերի ստացման անվերապահ ֆավորիտը։
Բայց ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում՝ կապված Պենտագոնի եւ ընկերության միջեւ պայմանագրերի արդարացիության կասկածների հետ։