«Ուզում են ժողովրդին ահաբեկել». բնապահպանը` Ամուլսարի ճանապարհները ապաշրջափակելու մասին
ՀասարակությունԱմուլսարի վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքներով 3 գործ դատարանում է, այդ պատճառով այս պահին իշխանությունները որեւէ քայլի չեն գնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ մոտակա ամիսներին Կառավարությունը կապաշրջափակի հանք տանող ճանապարհները:
«Նախ եթե որեւէ գործ կա դատարանում կամ դատախազությունում, էդ ընկերությունը, շահագործվելու արտոնությունից զրկվում է: Ես կարծում եմ` հերթական հոգեբանական ճնշումն է, որ գործադրում են եւ ուզում են ժողովրդին ահաբեկել»,-ասաց նա` նշելով, որ այս պարագայում կապ չունի, թե ուժային կառույցների ղեկավարներն ովքեր կլինեն:
Բնապահպանն ասաց, որ իրականում Ամուլսարը հանք չի այլ հանք-երեւակում է, այսինքն` այնտեղ չկան այնքան պաշարներ, որ ծախսերը ծածկի:
«Ամուլսարի շահագործումը 3 գետեր է թունավորում եւ հնարավոր չէ Ամուլսարի շահագործումը: Եւ ամենագլխավորը, բացի այն,որ Հայաստանի տնտեսությանը մեծագույն վնաս է հասցնելու եւ այսօրվա եւ ապագայի առումով, նաեւ տեղի բնակչությունը կտրականապես դեմ է, քանի որ պատկերացնում է հետեւանքները: Պետք է ընդհանրապես մոռանալ այդ հանք երեւակման շահագործման մասին»:
Հակոբ Սանասարյնաի կարծիքով` հանքի շահագործման պարագայում մի քանի ընտանիք գերօգուտ կունենա, սակայն ժողովուրդը կզրկվի մաքուր ջրային պաշարներից, հողային ռեսուրսներից, եւ ընդհանրապես կյանքի որակը կվատանա, երկրում հերթական անգամ արտագաղթ կլինի:
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություններ շատ են լինում, սակայն իրենք ամեն սցենարի պատրաստ են այս խոսակցություններն իրենց վրա արդեն ազդեցություն չեն թողնում: