ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Կուբայի ներքին գործերի նախարար Խուլիո Սեսար Գանդարիլյայի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հաղորդագրության մեջ:
Նա հայտնել է, որ կուբացի նախարարի անունը հայտնվել է պատժամիջոցային ցանկում այն պատճառով, որ Վաշինգտոնը կարծում է, որ նա ներգրավված է «Վենեսուելայում մարդու իրավունքների կոպտագույն խախտման» մեջ: ԱՄՆ իշխանությունների տեսանկյունից Կուբայի ներքին գործերի նախարարությունը «պատասխանատվություն է կրում հազարավոր կուբացի քաղաքացիների ձերբակալությունների եւ հարյուրավոր քաղբանտարկյալների կալանքի տակ պահելու» համար:
Պատժամիջոցներ են սահմանվում նաեւ Խուլիո Սեսարի 2 երեխաների նկատմամբ: Բոլոր երեքի մուտքն ԱՄՆ տարածք արգելված է:
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել կուբացի եւ վենեսուելացի ժողովրդին եւ այլ երկրների կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ է անում Կուբայի իշխանություններից պահանջել հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները: