31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել
Օրվա իրադարձություններՆոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։
ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։
Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:
«Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: