Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը
Միջազգայինtvzvezda.ru-ն «Դաժան «նվերներ» ահաբեկիչներից. ինչպես են ընթանում ականազերծման աշխատանքները Հալեպում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հալեպի շուրջ ընկած ականապատ տարածքները հեկտարների են հասնում:
Ստուգել բոլոր տարածքները և դրանք անվտանգ դարձնել օգնում են սակրավորները Հայաստանից: Ներկայումս սիրիական Հալեպի շրջակայքում մարդասիրական աշխատանքներ կատարող հայ սակրավորները աշխատում են Այզազ բնակավայրում:
Տների բակերը բառիս բուն իմաստով ցանված են հակահետևակային ականներով, չպայթած արկերով և բեկորներով:
Հաճախ վտանգավոր գտածոն արտաքինից նման է լինում հրետանային արկի, բայց իրականում ահաբեկիչները այն դարձրած են լինում պայթուցիկ սարք: Եվ նման «անակնկալներ» կարող են լինել ցանկացած բակում:
Գրոհայինները հեռանալիս դրանցից տասնյակներով են տեղադրել, որպեսզի ինչքան հնարավոր է՝ երկար ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհեր լինեն:
Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը:
Տների ներսում աշխատելիս որպես կանոն ականորսիչն անօգուտ է, քանի որ աշխատանքին խանգարում են պատերի մեջ գտնվող էլեկտրալարերը և մետաղական մասերը, և այդ իսկ պատճառով սակրավորները օգտագործում են «Կորշուն» հատուկ սարքավորումը:
Ականազերծումից հետո քարտեզագրվում են անվտանգ հատվածները, իսկ տեղի բնակիչները շտապում են այդ տարածքները օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:
Կամո Խաչիկյան