Մոսկվան հետաքրքրված է ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածությունների իրականացմամբ․ Լավրով
ՄիջազգայինՄոսկվան հետաքրքրված է, որ ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածություններն իրականանան, կարեւոր է խուսափել հռետորաբանությունից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով ժամանել է Բաքու։ Երեքշաբթի տեղի կունենան բանակցություններ նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները՝ հումանիտար կապերի կարգավորման, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովում եւ վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն։ Դրանք աստիճանաբար իրականացվում են եւ, հուսով եմ, որ այս շաբաթ նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները»,- Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։