Ջակարտայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ
ՄիջազգայինԵրեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի է ունեցել պայթյուն, վիրավորվել է մի քանի մարդ, հայտնում է Jakarta Post-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7.05-ի սահմաններում Ջակարտայի կենտրոնում՝ Անկախության ազգային հուշարձանի տարածքում: Այս այգու շուրջ են տեղակայված նախագահական պալատը, գերագույն դատարանը եւ մի քանի նախարարություններ, այդ թվում՝ ՆԳՆ-ն:
Ազգային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների թվում են 2 ինդոնեզիացի զինվորական, որոնց տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:
Ինդոնեզիայում ժամանակ առ ժամանակ իրագործվում են ահաբեկչություններ, այդ թվում՝ պայթյուններ, վերջին ահաբեկչությունները, սակայն, տեղի էին ունեցել 2016 եւ 2017 թվականներին: